ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Արդ, տնտեսների մեջ փնտրվում է նա, թե ով հավատարիմ կգտնվի»

«Արդ, տնտեսների մեջ  փնտրվում է նա, թե ով  հավատարիմ կգտնվի»
21.03.2014 | 11:05

Ինչո՞վ է Անիրավ տնտեսի կիրակին առանձնահատուկ, մանավանդ այդտեղ պատմվում է մի մարդու մասին, ով խորամանկությամբ էր վարվում: Ղուկասի Ավետարանի 15 և 16-րդ գլուխներում քննարկվում է սեփականության, ունեցվածքի տնօրինության մասին և մարդու վարքի դրսևորումների, թե իրեն վերապահված ունեցվածքն ինչպես է կառավարում և վերաբերվում, սակայն իր այդ կառավարման ազատությունը նաև ենթադրում է պատասխանատվություն և դրանից բխող հետևանքներ (աղքատ Ղազարոսի առակը): Շեշտվում է, որ նյութական կարողությունը ևս տրված է Աստծու կողմից, և դրա իրական տերը հենց Ինքն Արարիչն է, իսկ մարդը, որպես տնտես, այն խնամողն ու ազատ տնօրինողն է: Ծննդոց գրքում այդ մասին արդեն կարդում ենք. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ.1.28): Անիրավ տնտեսի առակը եթե դիտարկում ենք մարդ-Աստված փոխհարաբերության համատեքստում, այս դրվագն ավելի պարզորոշ է երևում: Երբեմն Հիսուսի առակները պատկերում են կյանքի տարբեր հարթություններ ու արտահայտում մի քանի իմաստներ, բայց դրանք ունենում են հստակ շեշտադրող պատգամներ: Այդպիսին է նաև այս առակի պարագայում: Այդտեղ երկու հիմնական ուղեցույց ենք տեսնում: Նախ` որ պետք է խորագետ լինել, հնարամիտ. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որ երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ.16.9): Իսկ դրանից առավել` պատասխանատու և հավատարիմ` տրված կարողությունը, տնտեսությունը կառավարելու մեջ. «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է: Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը» (Ղուկ.16.10-11): Հիսուս նշում է, որ պետք է խելացի վարվել նյութական կարողության հետ: Այն նպատակ չէ, այլ միջոց: Եվ եթե անառակ որդու առակի դեպքում կրտսեր որդին ուներ ժառանգություն, հարստություն և կարող էր իր ապագա կյանքը հեշտությամբ կառուցել, սակայն տանուլ տվեց ամեն ինչ և հայտնվեց թշվառության մեջ, ապա այս դեպքում անիրավ տնտեսը, որ չուներ որևէ լուրջ կարողություն և ունեցվածք, կարողացավ այնպիսի հնարամտությամբ գործել, որ իր համար ստեղծեց նպաստավոր պայմաններ, որ ապահով ապագա ունենա: Հնարամտության մասին խոսելիս կարելի է նշել, որ Հիսուս քրիստոնյային կոչ է անում չլինել կրավորական դիրքում, չինքնապարփակվել, այլ իրեն տրված շնորհներն օգտագործել, փոխանցել մարդկանց՝ վերահաս դատաստանի ժամանակ դրանցով արդարություն գտնելու համար: Մնասների առակում (Ղուկ.19.11-28) այդ միտքն ավելի հաստատուն է դառնում. «Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտվիր, որպեսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջեի այն» (Ղուկ. 19.23): Այսպիսով՝ Հիսուս ոչ թե գովում է առակում նկարագրված անիրավությունը, այլ հնարամտությունը: Բացահայտում հավատի գործնական լինելու հանգամանքը (Մատթ. 5.15, Հակ. 3.26): Հատկանշական է, որ այս առակով ցույց է տրվում, որ նպատակահարմար պահը չպետք է կորցնել, այլ պետք է գործել, որպեսզի հետագա քայլերում և՛ հոգևոր պտուղներ շահենք, և՛ հոգևոր լույսն այլ մարդկանց փոխանցենք, ինչպես աշխարհիկ մարդիկ են գործնական կերպով գործում և շահում: ՈՒստի միշտ պետք է պատրաստ լինել: Երբեմն այն, ինչ ուզում ենք, որ լավ կերպով և մեր կամեցած ժամանակին իրականություն դառնա, սպասում ենք այդ բարենպաստ իրադրությանը, որպեսզի գործենք, բայց հանգամանքների բերումով չպետք է հապաղենք, քանի որ հաճախ կորցնում ենք հնարավորությունը, այլ ոչ թե գտնում: Անհրաժեշտ է մշտապես գործել, հոգևոր առաքելությունը տվյալ պահին հնարավորինս իրականություն դարձնել: Արդ, մարդ միշտ պատրաստ պիտի լինի իրականացնելու բարի նպատակը, ինչպիսին էլ լինի տվյալ պահը` լավ թե վատ, որովհետև դա է ժամանակի կողմից ընձեռված պահը: Մենք պիտի կարողանանք տվյալ պահին ներուժ գտնել խաղաղության ոգով անցնելու խոչընդոտները, իրագործելու բարին, ինչքան էլ անհարմար դրություն լինի, քանի որ կյանքում հանգամանքները հաճախ մեզնից անկախ են զարգանում և երբեմն մեզ կանգնեցնում մարտահրավերների առջև: Անիրավ տնտեսը չկորցրեց իրեն ընձեռված պահը և իր օգտի համար գործեց: Ինչպես նշեցինք, երկրորդ կարևոր պատգամը հավատարմության մասին է: Մարդը դեռևս Եդեմի պարտեզում հավատարիմ չեղավ և իրեն վերապահված արարչագործության տնտեսության նկատմամբ անիրավ գտնվեց և մինչ օրս շարունակում է այդպիսին լինել: Եթե միայն մեր շուրջը նայենք, կտեսնենք, թե բնությունն ինչպես է անխնա շահագործվում և ավերվում: Բայց աղքատ Ղազարոսի առակի մեջ ցույց է տալիս, որ այդուհանդերձ մարդը տնօրինում է այդ ամենը, բայց պատասխանատու է լինելու իր կատարած գործերի համար և հանդերձյալ աշխարհում հաշիվ է տալու (Ա Պետր. 4.5-6): Հիսուս նշում է, որ չենք կարող ծառայել և՛ մամոնային, և՛ Աստծուն: Ի վերջո, կամ Աստծուց կհեռանանք, կամ մամոնայից (Ղուկ.16.13): Հովհաննեսի Հայտնության գրքում այդ վիճակը բնորոշվում է գաղջ բառով (Հայտն. 3.16): Արդ, մեր երկրային առաքելությունն այս աշխարհում իմաստավորված պետք է լինի աստվածային կամքի բարեհաճությամբ: Սբ. Պետրոսն ասում է. «Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի՝ որպես բարի տնտես Աստծու պես-պես շնորհների» (Ա Պետր. 4.10):
Մեծ պահքի ընթացքում կարդալով, խորհելով «Անիրավ տնտեսի» առակի շուրջ՝ ևս մեկ անգամ անդրադառնում ենք Աստծո հանդեպ հավատարմությանը: Պահեցողության խորհրդի գիտակցումն ու գործառույթը օգնում են մարդուն ամրապնդելու կամքը, թե՛ դժվարին, թե՛ հաջողակ ժամանակներում հավատարիմ լինելու Քրիստոսին և նրա պատգամներին ու գործելու բոլոր իրադրություններում:


Տպագրության պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ